Արմինֆո. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2024թ. արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Այդ մասին ասվում է կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի մակարդակի ուսումնասիրման «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» ոչ կառավարական միջազգային կազմակերպությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Նշվում է, որ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը (2023 թ.-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը):
«Տվյալ երկրի ԿԸՀ համաթիվը հանդիսանում է այդ երկրի համաթիվը հաշվարկելու համար օգտագործված բոլոր աղբյուրների համար հաշվարկված համաթվերի միջին թվաբանականը։ Մասնավորապես, Հայաստանի ԿԸՀ 2024թ․ համաթիվը (47) հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։ Այդ աղբյուրներն են` Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, 2023-ին՝ 49), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2024թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, 2023-ին՝ 44), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024թ. վարկանիշը (46 միավոր, 2023-ին՝ 47), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2024թ. ուղեցույցը (33 միավոր, 2023-ին՝ 32), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2024 թ․-ի հրապարակումը (50 միավոր, 2023-ին՝ 55) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2024թ. հրապարակումը (56 միավոր, 2023-ին՝ 54)», - ասվում է հաղորդագրությունում:
Հաշվետվության համաձայն, կոռուպցիայի ընկալման ամենացածր վարկանիշ ունեցող երկրների տասնյակում են Դանիան (90/100), Ֆինլանդիան (88/100), Սինգապուրը (84/100), Նոր Զելանդիան (83/100), Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեյցարիան (81/100), Շվեդիան (80/100), Նիդերլանդները (78/100), Ավստրալիան, Իսլանդիան, Իռլանդիան (77/100):
Հայաստանի հարեւաններն ունեն հետեւյալ դիրքերը. Վրաստան (53/100), Թուրքիա (34/100), Իրան (23/100), Ադրբեջան (22/100) եւ Ռուսաստան (22/100):