Արմինֆո. Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ "մեղադրանքների" հրապարակմամբ կեղծ դատավարությունը:
Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Free armenian prisoners նախաձեռնության մամուլի ծառայությունից, Վարդանյանի փաստաբանը կարողացել է ուսումնասիրել նյութերի ընդամենը 20 տոկոսը՝ այն դեպքում, երբ բանավոր թարգմանվել է մեղադրական եզրակացության եւ "ապացույցների" հազար էջի 5 տոկոսից պակաս, որոնք կօգտագործվեն բարերարի դեմ: Միաժամանակ, փաստաբանի ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվել են։
Միջնորդությունները, մասնավորապես, վերաբերել են բոլոր գրավոր փաստաթղթերի և նյութերի պատճենների տրամադրմանը, որոնք մեղադրող կողմը կօգտագործի դատաքննության ընթացքում, նշված բոլոր նյութերը ռուսերեն կամ անգլերեն թարգմանելուն, տեսաապացույցների հասանելիության ապահովմանը, դատաքննությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ նյութերին ծանոթանալու համար համացանցի կանոնավոր հասանելիության ապահովմանը:
Ինչպես հիշեցրել է նախաձեռնությունը, նախորդ նիստում դատախազն ընթերցել էր "մեղադրական եզրակացությունը", ըստ որի, Վարդանյանին առաջադրված մեղադրանքները սկսվում են 1988 թվականից, երբ նա դեռ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր:
"Նախորդ նիստին Վարդանյանի փաստաբանը դատարանի կողմից նշանակված թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել՝ թարգմանված փաստաթղթերում լուրջ անհամապատասխանություններ հայտնաբերելուց հետո ։ Մասնավորապես, նախնական լսումների արդյունքի վերաբերյալ թարգմանված որոշումը հղումներ էր պարունակում Բելառուսի օրենսդրությանը։ Թեև միջնորդությունը մերժվել է, սակայն դատարանը կարգադրել է տրամադրել ճիշտ և հավաստի թարգմանություն", - ասվում է հաղորդագրությունում:
Վարդանյանի Փաստաբանը նաև դատական կոլեգիային բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Դատական կոլեգիան հայտարարել է, որ այդ միջնորդությունը կքննարկվի միայն այն բանից հետո, երբ պետական մեղադրողը կավարտի "մեղադրանքների" ներկայացումը:
Ըստ աղբյուրի ՝ Արցախի նախկին նախագահների և մյուսների գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանը քննել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների վերաբերյալ "մեղադրական եզրակացությունը": Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը: Դատարանի առջև են կանգնել նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Հունվարի 16-ին Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում պահանջել էր իրեն և իր փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք նախապատրաստվել պաշտպանությանը, վերացնել թույլ տրված բոլոր խախտումներն ու կեղծիքները, հրապարակային դարձնել իր և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ իրականացվող գործընթացը: "Ես պահանջում եմ հնարավորինս բաց գործընթաց ՝ միջազգային լրագրողների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ։ Համոզված եմ, որ միայն իրական դատավարությունը կօգնի քայլ առաջ կատարել մեր ժողովուրդների միջև նոր հարաբերություններ կառուցելու բարդ ճանապարհին", - ընդգծել էր նա։
Վերջում նա պահանջել էր իր գործը միավորել մյուս մեղադրյալների գործերի հետ։ "Իմ գործի 422 հատորից ավելի քան 400 հատորը ընդհանուր գործի դրվագներ են։ Իմ գործն առանձին վարույթում առանձնացնելը արհեստական և անհիմն որոշում է", - հավելել էր Վարդանյանը։