Արմինֆո.Կառավարության շենքի դիմաց փետրվարի 10-ին վերսկսվել է շրջանառության հարկի, գույքահարկի և եկամուտների հայտարարագրի դեմ առևտրականների բողոքի ակցիան:
Փետրվարի 7-ին նրանք հանդիպում են ունեցել ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները պահանջել են վեց ամսով հետաձգել օրենքի կիրառումը: Սակայն այդ հանդիպման ժամանակ Թունյանը ցուցարարներին հաղորդել է, որ եթե խոսքը միայն այդ պահանջի մասին է, ապա կարելի է խոսել դրա զրոյական լուծման մասին։ Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներն, իրենց հերթին, նշել են, որ ակնկալում էին ըմբռնում, բայց հանդիպելով ճիշտ հակառակ արձագանքին, հայտարարել են բողոքի ակցիաներն ակտիվացնելու իրենց մտադրության մասին: Նրանք հայտարարել են, որ եթե 2018 և 2021 թվականներին Նիկոլ Փաշինյանին ընտրել են վարչապետ, ապա առաջիկա ընտրությունների ժամանակ դա արդեն չեն անի։
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ ներկայումս ՓՄՁ ներկայացուցիչներն աշխատում են միայն իրենց ընտանիքների կարիքները բավարարելու ուղղությամբ:
Ակցիայի մեկ այլ մասնակից նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքը դժվար է այդպիսին անվանել: "Մենք պահաանջում էինք հանդիպում պատգամավորների հետ, որպեսզի ներկայացնենք մեր մտահոգությունները։ Մենք պահանջում էինք, որպեսզի սառեցնենք դրա կիրառումը, քննարկեն դրա հետ կապված բոլոր հարցերը, հետո նոր որոշում կայացնեն", - նշել է նա, հարց տալով, թե ինչու են իշխանությունները սկսում ՓՄՁ-ից։ Նա նշել է փոքր և միջին բիզնեսի բոլոր գործողությունները փաստաթղթավորելու անհնարինությունը, քանի որ անհրաժեշտ է գրանցել էլեկտրաէներգիայի ծախսերը, վարձակալված տարածքների վճարումները, աշխատողի ծախսերը և այլն: "Շատ լավ, բայց թող այդ ամենը բարդեն խոշոր բիզնեսի վրա, որը որակյալ հաշվապահների և, նույնիսկ, աուդիտորների աշխատանքի վարձատրության հնարավորություններ ունի։ Ինչու՞ եք այդ ամբողջ ծանրությունը դնում մանր առևտրականների վրա",- հարց է ուղղել բողոքի ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ուժի մեջ են մտել նոր հարկային պահանջները, որոնց համաձայն, փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկը 5 տոկոսից բարձրացվել է մինչև 10 տոկոս: