Արմինֆո. Ֆրանսիայի Ազգային ժողովում Բուշ դյու Ռոն դեպարտամենտից "Միություն հանուն ժողովրդական շարժման" կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն մեկնաբանել է հայերի նկատմամբ դատաստանը Բաքվում:
"Նրանց հանցագործությունն այն է, որ նրանք հայ են, և հենց այդ պատճառով Ալիևի բռնապետությունը նրանց առևանգել է, խոշտանգել և ստալինյան դատավարություններ կազմակերպեց նրանց նկատմամբ։ Ավաղ, ժողովրդավարությունները վախվորած լռում են", - գրել է խորհրդարանականը Twitter-ի (X) իր միկրոբլոգում՝ գրառմանը կից զետեղելով Բաքվում պահվող հայերի լուսանկարը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանը քննել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների վերաբերյալ "մեղադրական եզրակացությունը": Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը: Դատարանի առջև են կանգնել նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Հունվարի 16-ին Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում պահանջել էր իրեն և իր փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք նախապատրաստվել պաշտպանությանը, վերացնել թույլ տրված բոլոր խախտումներն ու կեղծիքները, հրապարակային դարձնել իր և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ իրականացվող գործընթացը: "Ես պահանջում եմ հնարավորինս բաց գործընթաց ՝ միջազգային լրագրողների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ։ Համոզված եմ, որ միայն իրական դատավարությունը կօգնի քայլ առաջ կատարել մեր ժողովուրդների միջև նոր հարաբերություններ կառուցելու բարդ ճանապարհին", - ընդգծել էր նա։
Վերջում նա պահանջել էր իր գործը միավորել մյուս մեղադրյալների գործերի հետ։ "Իմ գործի 422 հատորից ավելի քան 400 հատորը ընդհանուր գործի դրվագներ են։ Իմ գործն առանձին վարույթում առանձնացնելը արհեստական և անհիմն որոշում է", - հավելել էր Վարդանյանը։