


Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա Բաքվի ագրեսիվ գործողություններին` հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության աճից խուսափելու նպատակով: Սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀԿ անդամ Սոքիաս Ավետիսյանը:
«Տարիներ շարունակ միջազգային հանրությունը լղոզված գնահատականներ է տալիս ադրբեջանական ագրեսիային, կոչեր հղելով հակամարտության կողմերին, ինչը բացասաբար է անդրադառնում իրավիճակի վրա, հետևաբար, անհրաժեշտ են ավելի հստակ ձևակերպումներ», - նշել է նա: Այդ համատեքստում քաղաքական գործիչն անդրադարձել է ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին, որոնք, նրա կարծիքով, սպառնալիք չեն կրում, քանի որ Մոսկվան կատարում է ռազմավարական դաշնակցի իր պարտավորությունները Երևանի հանդեպ` տրամադրելով արտոնյալ պայմաններով զենք և 200 մլն դոլարի վարկ:
Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն, իր հերթին, կարծում է, որ տրամադրված վարկը մարտական պայմաններում չի կարող որևէ կերպ անդրադառնալ հարցի լուծման վրա, սակայն տվյալ պահին այն չափազանց կարևոր է սպառազինությունների արդիականացման տեսանկյունից: Ավելին, փորձագետը կարծում է, որ հայկական կողմն ինքնուրույն պետք է պայքարի ադրբեջանական ագրեսիայի դեմ և հույսը չդնի երրորդ երկրի վրա: «Երևանը Բաքվի գործողություններին պետք է արձագանքի այնպես, ինչպես Իսրայելը` Պաղեստինի ահաբեկչական գործողություններին», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունիսին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրել է համաձայնագիր Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել ժամանակակից սպառազինության տեսակները: Ռազմական փորձագետների կարծիքով, այդ վարկը տրամադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշվեկշիռը վերականգնելու նպատակով, քանի որ, որոշ տվյալների համաձայն, Բաքվի կողմից ձեռք բերվող սպառազինությունների մինչև 85%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ, ընդհանուր առմամբ, վերջին չորս տարիներին Ռուսաստանից Ադրբեջան զենքի մատակարարումներն ավելացել են 3,5 անգամ:


