Արմինֆո. Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախօրեին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափորոշիչների ներդրման վարչության պետ Լիլյա Գրետարսդոթիրի գլխավորած պատվիրակությանը։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն, անդրադառնալով նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Լիլյա Գրետարսդոթիրը ձևավորված համագործակցության շրջանակում կարևորել է մասնավորապես Ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող փոփոխությունները: Նա բարձր է գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ նախարարության կողմից տարվող օպերատիվ և արդյունավետ աշխատանքը։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ ակտիվ համագործակցության համար, նշելով, որ այն ընդգրկում է Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները։
Անդրադառնալով նախարարությունում տեղի ունեցող բարեփոխումներին՝ նախարարը առանձնացրել է Ոստիկանության գվարդիայի ստեղծման ուղղությամբ Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը։ Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի և քաղհասարակության համագործակցված աշխատանքի արդյունքում «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ընդունվել է ամբողջությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Զանգերի կենտրոնի ստեղծման ու արդիականացման հարցերին, ինչը հանրությանը բարձրակարգ և քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու նպատակ ունի։
Քննարկվել են ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց իրավունքների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների, քննիչների ու բժիշկների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ շրջանակում կարևորվել է գործառույթների պատշաճ իրականացման, ինչպես նաև ուժի կիրառման ստանդարտի ներդրման համատեքստում վերապատրաստումների անհրաժեշտությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի և օրակարգային այլ հարցեր։
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ԵԽ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։
Պաշտպանը պատվիրակությանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները: Քննարկվել են զինված ուժերում, բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին:
Իր հերթին, Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցությունն ընդլայնելու ուղղությունները։