Սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում մեկնարկում է «Ոչ թալանին» նախաձեռնության մեծ հավաք երթն ընդդեմ հոսանքի թանկացման: Սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչ Մաքսիմ Սարգսյանը:
«Սեպտեմբերի 1-ից մենք սկսել ենք էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարի երկրորդ փուլը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք տեսանք, թե ինչպես երկրի իշխանությունները լկտիաբար խաբում են մարդկանց և չեն կատարում իրենց խոստումները», - նշել է Սարգսյանը:
Ընդ որում, ակտիվիստը նշել է, որ «Դուրս մեր գրպաններից» շարժման աջակցությամբ սեպտեմբերի 10-ին Բրազիլիայի հրապարակից մեկնարկում է սեպտեմբերի 11-ի ակցիայի վերաբերյալ իրազեկման ավտոերթ:
Մաքսիմ Սարգսյանը բոլոր քաղաքացիներին կոչ է արել սեպտեմբերի 11-ին միանալ իրենց պայքարին` հանուն արդարության: «Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին նույնպես կոչ եմ անում դուրս գալ փողոց, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց վիճակն ամենախոցելին է: Մեր պահանջը մեկն է. չեղարկել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ որոշումը», - նշել է ակտիվիստը: Այդ համատեքստում նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է գալիս լղոզված հայտարարություններով, որոնք խառնաշփոթ իրավիճակ են հարուցել նույնիսկ ՀԷՑ-ում:
«Ընկերությունում չեն հասկանում, թե կառավարությունը որ մասն է փոխհատուցելու, և որը` ոչ: Ավելին, Հայաստանի տարբեր մարզերից արդեն հաղորդումներ են ստացվել, որ բարձրացված սակագներով հաշվարկված հաշիվներ են եկել: Ժամանակն է վերջ դնելու այս կամայականությանը», - եզրափակել է Սարգսյանը: