Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի հանդիպումը:
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի, թե ամենաանկարևոր իրադարձություններից մեկը: Երկար ու տարբեր խնդրանքներից հետո, Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել:
Բնականաբար որևէ լուրջ բան չի խոսվել այդ ընթացքում: Գրեթե ոտքի վրա, առանց երկրի ղեկավարի ընդունելության համար պատշաճ արարողակարգի, հապշտապ հանդիպմանն ինչպես կարող էին էական հարցերի շուրջ քննարկումներ լինել:
Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա:
Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում: Իր համար՝ նույնպես», - ընդգծել է Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում: Նա մասնակցել է Կրոնական ազատության 5-րդ միջազգային գագաթնաժողովին և "Ազգային աղոթքի նախաճաշին": "ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը", - ասվում է Telegram-ում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հրապարակած հաղորդագրությունում: