
Ռուսական կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար վարկն ուղղված է ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինության հավասարակշռության վերականգնմանը: Այդ մասին այսօր Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական հարցերի փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ ամփոփելով Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները:
ՙՄիջոցները կուղղվեն ՀՕՊ և հակատանկային պաշտպանության համակարգերի գնմանը, որոնք գերիշխում են ադրբեջանական բանակում: Այդպիսով՝ վարկը թույլ կտա վերականգնել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՚,- գտնում է ռուսաստանցի փորձագետը: Եվսեևը համոզմունք է հայտնել, որ հաշվի առնելով իրավիճակի վերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ շատ կարևոր է ՙհասկացնել Բաքվին, որ հավասարակշռությունը կպահպանվի, և Ռուսաստանը միշտ կաջակցի Հայաստանին՝ չնայած պաշտպանական ոլորտում ռուս-ադրբեջանական սերտ համագործակցության առկայությանը՚:
Ռազմական փորձագետը գտնում է նաև, որ այսօր բավական չէ խոսել շփման գծից դիպուկահարների հեռացման մասին, հարկավոր է խոսել արդեն սպառազինությունների դուրսբերման անհրաժեշտության մասին: ՙԱդրբեջանը խոշոր տրամաչափի սպառազինություն է կիրառում, գնդակոծում սահմանամերձ գյուղերը, տեղեկություններ կան խաղաղ բնակչության շրջանում վիրավորների մասին: Անհրաժեշտ է դուրս բերել սպառազինությունը, քանի որ եթե ադրբեջանական կողմն արդեն սկսել է հրետանի կիրառել, կշարունակի անել դա: Բացի այդ, ավելացել է դիվերսիոն-հետախուզական գործողությունների թիվը: Պետք է հասկանալ, որ ամեն բան գնում է դեպի իրավիճակի ավելի մեծ սրացում՚,- հայտարարել է Եվսեևը:
Նշենք, որ ընթացիկ տարվա հունիսին տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի կողմից 200 մլն դոլար արտոնյալ վարկ տրամադրելու վերաբերյալ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել ՀՀ զինված ուժերի ժամանակակից սպառազինության տեսակները: Խոսելով ռուսական գազի դիմաց արտոնություններ տրամադրելու մասին՝ Եվսեևը ցավով փաստել է, որ ռուսական գազի սակագնի՝ $189-ից մինչև $165 նվազումը վերջնական սպառողը չի զգա, և դրանից կշահի Հայաստանի կառավարությունը: Միաժամանակ փորձագետը գտնում է, որ ԱԷԿ արդիականացման նպատակով Հայասանին 300 մլն դոլար վարկի տրամադրումը թույլ կտա երկարաձգել վերջինիս գործունեությունը մինչև 2026 թվականը՝ այդպիսով բնակչությանն ապահովելով էժան էլեկտրաէներգիայով, ինչի պատճառով ընթացիկ տարվա հունիսին Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ: