


Սեպտեմբերի 12-ին Օձուն գյուղում /Լոռու մարզ/ կանցկացվի «Օձունի գանձերը» IV փառատոնը:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստանում G2iA /Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում/ ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանը, փառատոնին կմասնակցի Շիրակի, Լոռիի, Կոտայքի և Տավուշի մարզերի 15 գյուղ: ՙՕձունի գանձերի՚ հյուրերին սպասում է հետաքրքիր և հագեցած ծրագիր՝ ստեղծագործական համույթների ելույթներ, խաղեր, գյուղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք: Վերջիններս հնարավորություն կունենան նաև վայելելու տնական օղու թորման, ինչպես և տեղական անուշահամ մրգերով և հատապտուղներով խոտաբույսերով թեյերի պատրաստման գործընթացը: Փառատոնի ընթացքում կներկայացվի ՙԱրմենիտո՚ հայկական զովացուցիչ ըմպելիքի պատրաստման եղանակը:
Հատկանշական է, որ այս տարի ՙՕձունի գանձերը՚ կանցկացվի Լոռու մարզում ընթացող մեկ այլ հանրահայտ փառատոնի՝ Ախթալայում անցկացվող Խորովածի համահայկական փառատոնի հետ միևնույն օրը: Այսպիսով, սեպտեմբերի 12-ին զբոսաշրջիկները Լոռիում կկարողանան հարուստ փառատոնային ծրագիր վայելել:
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, երկու փառատոնների կարևոր բաղադրիչը հայկական խոհանոցն է: ՙԱմեն տարի մենք արձանագրում ենք զբոսաշրջիկների մեծ հետաքրքրություն հիշյալ երկու փառատոնների նկատմամբ: Դա վերաբերում է ինչպես միջազգային, այնպես էլ՝ ներքին զբոսաշրջությանը՚,- ասել է նա:
Փառատոնը կազմակերպվում է G2IA կողմից Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի հետ համագործակցության շրջանակներում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:



