Արմինֆո. Պաշտոնական Երևանը, հիմնվելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության վրա, հանձնառու է տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանն ու նոր հնարավորությունների ձեռքբերմանը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
"Հիմնվելով Հայաստան - Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք մեր ջանքերն ու Հայաստանի և ԱՄՆ - ի միջև կարևոր բանակցությունները՝ համագործակցությունը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում արդյունավետ դարձնելու նպատակով", - նշել է Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրվել էր ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը: Փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է համագործակցություն անվտանգության, էներգետիկայի, սահմանների կառավարման ոլորտներում։