Արմինֆո. ՀՀ կառավարությունը փետրվարի 6-ի հերթական նիստում որոշում է ընդունել «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու մասին:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նախաձեռնություններով:
«ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը», - նշում են նախաձեռնության հեղինակները՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ):
«Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում», - ասվում է հիմնավորման տեքստում:
Ինչ վերաբերում է «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերության գործառույթների իրականացմանը, ապա նշվում է, որ իր գործառույթներից մեծ մասն իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ համապատասխան կայքում հրապարակելով կրթության ոլորտի նորությունները: