Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 3-6 ամսից կվերսկսի իր գործունեությունը, այդ թվում՝ նաև Հայաստանում, բայց՝ արդեն ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանու ներքո և ավելի արդյունավետ օրակարգով: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը:
"ԱՄՆ ՄԶԳ-ն Պետդեպարտամենտի ենթակայությանն անցնելուց հետո, ինչը միանգամայն տրամաբանական է, և առկա բոլոր ձգձգումների կարգավորումից հետո, վստահ եմ, որ այդ կառույցը կվերսկսի իր գործունեությունը։ Եվ, հնարավոր է, որ այն, նույնիսկ, ավելի արդյունավետ լինի, քան նախկինում էր", - ասել է Մինասյանը, անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ-ի փակման հետեւանքներին հայաստանյան դրամաշնորհային կազմակերպությունների համար, հաշվի առնելով այն փաստը, որ դրանք գոյություն են ունեցել հենց այդ կառույցի ֆինանսավորման շնորհիվ։
Փորձագետի խոսքով՝ բոլոր հնարավոր ճգնաժամերը ժամանակավոր բնույթ են կրելու, և ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած 90 օրն անց կառույցը կսկսեն վերագործարկել: Մինասյանը նշել է, որ այսօր իրեն հարգող ցանկացած տերություն ունի նման բնույթի կազմակերպություն ՝ լինի դա Ֆրանսիան, թե Մեծ Բրիտանիան, թե Թուրքիան, ինչպես նաև՝ Ռուսաստանը:
Խոսելով հայ դրամաշնորհառուների համար հետևանքների մասին՝ քաղաքագետը նշել է, որ միջոցները, հիմնականում, ստացել են ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները, որոնք զբաղվում են Հայաստանում մեդիայի զարգացմամբ և կրթական ծրագրերով: "Կարծում եմ, որ բոլոր այդ կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում USAID - ից, այսօր ֆինանսական ճգնաժամ են ապրում, բայց նրանք, ովքեր կգոյատեւեն, կշարունակեն ստանալ ֆինանսավորում, եւ, գուցե, ավելի մեծ չափով", - նշել է Մինասյանը:
Նշենք, որ 2024 թվականի ապրիլի 17-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումից հետո՝ ապրիլի 5-ին, ԱՄՆ ՄԶԳ-ն հրապարակել էր մամլո հաղորդագրություն, որտեղ ներկայացրել էր գործակալության գործունեության ուղղությունները Հայաստանում։
Գործակալությունում հիշեցրել են, որ 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է շուրջ 3,3 մլրդ դոլար ՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և կայունությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Միաժամանակ, ընդգծվում է, որ ի կատարումն ապագա սերունդների համար խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ Հայաստանի առաջ մղման իր հանձնառությանը՝ USAID-ը 33 մլն դոլար կտրամադրի Հայաստանի ժողովրդին աջակցելու համար՝ օգնություն ցուցաբերելով վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, էներգետիկ սեկտորի ամրապնդման, պարենային անվտանգության պակասի դեմ պայքարելու համար; տնտեսական կայունության, թվային կառավարման և տարածաշրջանային ինտեգրման խթանման և մարդու իրավունքների պաշտպանության համար: