Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի և մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները զուտ քաղաքական են։ Այդ մասին ասվում է bne IntelliNews միջազգային պարբերականի հոդվածում ՝ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ անօրինական դատավարությունների առնչությամբ։
Պարբերականը ներկայացրել է մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոյի և Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գնահատականները:
Իրեն Վիկտորիա Մասիմինոն պարբերականին պատմել է, որ իր եւ երեք այլ իրավաբանների անունից Կալիֆոռնիայում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոնը» դիմել է Ադրբեջանի վիզա ստանալու համար՝ դատավարություններին ներկա լինելու նպատակով եւ Բաքվից դեռ պատասխան չեն ստացել, ինչը, նրա ասելով, դժվար թե արդեն նշանակություն ունենա։ Նրա կարծիքով, դատավարության արդյունքում արդարադատությանը նմանվող որևէ արդյունքի հասնելու հավանականությունը «զրո» է:
«Ես հակված եմ հաճախ մեջբերելու Ադրբեջանի վերաբերյալ Freedom House-ի զեկույցը: Այդ երկիրը 100 միավորից յոթն է հավաքել: Դա բացարձակապես անազատ երկիր է, և Freedom House-ի վերջին զեկույցում դրա հիմնական պատճառներից են հենց Արցախի շրջափակումը և հայերի հետապնդումները։ Այսպիսով, սրանք ցուցադրական դատավարություններ են: Դրանք բացարձակապես անարդար են և հիմնված են քաղաքական մեղադրանքների վրա»,– ասում է Մասիմինոն։
Հոդվածագիրը նշում է, որ շրջափակման պայմաններում Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ամենահայտնի հանրային դեմքը Ռուբեն Վարդանյանն էր, ով տասնյակ հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ Ղարաբաղում օրեցօր վատթարացող պայմանների մասին, դրանով էլ առաջացնելով Ադրբեջանի զայրույթը, որը բազմիցս թիրախավորել է Վարդանյանին՝ կատաղի հռետորաբանական հարձակումների միջոցով։
Ռուբեն Վարդանյանի որդին կարծում է, որ հենց այս քարոզչությունն է ստիպել Բաքվին առանձնահատուկ կերպով թիրախավորելու իր հորը։
«Կարծում եմ, որ այն ուշադրության մակարդակը, որ հայրս կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի վրա այն բանից հետո, երբ որոշեց այնտեղ ապրել, չէր մտնում Ադրբեջանի գործողությունների պլանի մեջ։ Նրանք հույս ունեին, որ կամաց–կամաց այն կդարձնեն ապրելու համար անհնարին վայր և մարդկանց աստիճանաբար դուրս կքշեն, այսպես ասենք՝ մի տեսակ «հանգիստ էթնիկ զտում» կիրականացնեն, որը ոչ էլ կնկատի աշխարհը: Ուստի, շատ ակնհայտ է, որ նրանք դժգոհ էին այն ուշադրությունից, որն այժմ առկա Է այնտեղ կատարվող անարդարությունների նկատմամբ», – ասում է Դավիթ Վարդանյանը:
Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ամբողջությամբ անհասանելի է դարձրել դատավարությունը, հավելելով, որ նրանք, նույնիսկ, սպառնում են զրկել փաստաբանին, որին իրենք մեծ դժվարությամբ են գտել, որ պաշտպանի հոր շահերը: «Նրանք մերժել են փաստաբանի բոլոր միջնորդությունները՝ դատավարությունը երկարաձգելու, ինտերնետ հասանելիություն ստանալու, այն ամենը, ինչը կարող էր թույլ տալ նրան պատշաճ կերպով նախապատրաստվելու։ Նրանք լիովին անտեսում են թե միջազգային իրավունքը, թե նույնիսկ սեփական օրենքները: Մեզ մնում է միայն փորձել այս կեղծ դատավարությունը հնարավորինս տեսանելի դարձնել հանրության համար», - պարզաբանել է բարերարի որդին:
Մասիմինոն համոզմունք է հայտնել, որ Բաքուն այդպիսով ստացել է Արցախի նախկին պետնախարարին պատժելու հնարավորությունը: «Ռուբենի և նրա 15 հայրենակիցների դեմ նման ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հույս ունի պրկելու իր մկանները և վախեցնելու ինչպես իր հարևաններին՝ Հայաստանին, այնպես էլ իր սեփական քաղաքացիներին: Ադրբեջանի համար սա ավար է․ նրանք վերջապես ունեն Արցախի իշխանության ղեկավարներին, որոնք այսքան ժամանակ պայքարել են ինքնորոշման համար»,- նշում է Մասիմինոն։
Ըստ պարբերականի՝ չնայած այդ դատավարություններում արդարության կամ դատական պատշաճ գործընթացի ակնհայտ բացակայությանը՝ դրանք մինչև օրս գրեթե չեն առաջացրել միջազգային որևէ արձագանք: Բացառությամբ ԵԽԽՎ բանաձեւի, որը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել ինչպես Ղարաբաղի հայ ղեկավարներին, այնպես էլ Բաքվում պահվող բազմաթիվ հայ ռազմագերիներին, արևմտյան երկրների կողմից քիչ են եղել հայտարարություններ, եթե, իհարկե, այդպիսիք եղել են։
«Միջազգային հանրության կողմից [այս դատավարությունների նկատմամբ] ուշադրության բացակայությունն ինձ ապշեցնում է: Դրան նպաստում են և՛ «խավիարային դիվանագիտությունը», և՛ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները՝ նավթն ու գազը։ Նրանք ամուր կապեր ունեն եվրոպական շատ երկրների հետ, և սա նաև հակամարտություն է, որը 2020 թվականից ի վեր շատ ավելի քիչ ուշադրության է արժանացել, քան մյուս հակամարտությունները: Ես չեմ հասկանում, թե ինչու են լրատվամիջոցներն այդքան քիչ ուշադրություն դարձրել հատկապես շրջափակմանը: Մի ամբողջ ժողովրդի ինն ամիս շրջափակում են, և ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,-ասում է Մասիմինոն:
Միջազգային էական ճնշումների բացակայության դեպքում, ակնհայտ է թվում, որ Ադրբեջանը շարունակելու է դատավարությունները։ Մասիմինոն ասում է, որ ի պատասխան՝ արևմտյան երկրները պետք է զգալի քայլեր ձեռնարկեն։ «Խնդիրի մասին խոսելուց բացի, [արևմտյան երկրները] պետք է սկսեն վերանայել իրենց տնտեսական հարաբերություններն այս ավտորիտար ռեժիմի հետ: Անպատժելիության մակարդակը, որն Ադրբեջանը վայելում է, շատ, շատ բարձր է։ Ուստի, պատժամիջոցները տարբերակներից մեկը կլինեին, միգուցե որոշ տնտեսական կապերի խզում լիներ, որպեսզի ստիպեն ռեժիմին ազատ արձակել այս բանտարկյալներին՝ և՛ ռազմագերիներին, և՛ նախկին առաջնորդներին», – պարզաբանել է Մասիմինոն: