Արմինֆո. Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ինստիտուցիոնալ մեխանիզմ է, որը կախված չէ Վաշինգտոնում իշխող քաղաքական թիմից կամ ուղղակիորեն ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական տարաբնույթ գործոններից։ Այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթն ունի ինչպես կարևոր քաղաքական, այնպես էլ գործնական նշանակություն, իսկ երկկողմ ռազմավարական երկխոսության ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել հենց ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ ադմինիստրացիայի ժամանակ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Երևան-Վաշինգտոն հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումը թույլ կտա ներկա ադմինիստրացիայի հետ գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք և շատ ավելի առաջընթաց դիրքերից։
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ տարին սկսվեց շատ ինտենսիվ գործընթացներով՝ պայմանավորված ոչ միայն Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի՝ պարտականությունները ստանձնելու գործընթացներով, բայց նաև մի շարք այլ զարգացումներով։ «Տարին աչքի ընկավ հայ-ամերիկյան և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմամբ. թե՛ արտգործնախարարի այցն էր Վաշինգտոն, թե՛ Երևանում մի շարք Եվրամիության պատվիրակությունների հետ քննարկումներն էին։ Երկկողմ հարթակներով նույնպես տարին սկսեց շատ ակտիվ․ առաջին անգամ ունեցանք Նորդիկ-Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակների այցը, որն աննախադեպ ֆորմատ էր, դրան նախորդել էր 2024 թվականի վերջին այդ երկրների արտգործնախարարների հետ ԱԳ նախարարի հանդիպումը Մալթայում։ Ղրղզստանի արտգործնախարարի այցը տեղի ունեցավ, որը երկար տարիներ չէինք ունեցել, մի շարք միջազգային կազմակերպություններում նույնպես ակտիվություն էր նկատվում։ Տարին և աշխարհաքաղաքական իրավիճակը, թերևս, կարելի է նկարագրել որպես մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, նոր հնարավորություններ առաջ քաշող», - նշել է դիվանագետը։
Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ դիվանագետը հիշեցրել է, որ անցած տարի հունիսին այդ երկխոսության շրջանակներում որոշում ընդունվեց բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի և ստեղծել ռազմավարական գործընկերության հանձնաժողով։
«Իսկապես, դրա կուլմինացիան, դրա վերջնակետը եղավ Վաշինգտոնում այդ փաստաթղթի՝ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը, որը ֆորմալիզացնում է հարաբերությունների մակարդակի բարձրացումը։ Փաստաթղթում նշված են այդ հիմնական 4 ուղղությունները, որոնցով պետք է խորացվի համագործակցությունը, գործընկերությունը. դա տնտեսական համագործակցությունն է՝ այնտեղ նոր հնարավորություններ են բացվում թե՛ առևտրի դիվերսիֆիկացիայի առումով, թե՛ Հայաստանի դիմադրողականությանն աջակցելու առումով։ Անվտանգության և պաշտպանության ոլորտն է կարևոր. անցած տարի և նախանցած տարի ունեցանք համատեղ զորավարժություններ։ Ստորագրման ժամանակ նշվեց նաև Միացյալ Նահանգների աջակցությունը, օժանդակությունը սահմանների վերահսկման մեր կարողություններին, և մի շարք այլ ուղղություններով աջակցությունն էլ ավելի կավելացվի Միացյալ Նահանգների կողմից։ Երրորդ ուղղությունը ժողովրդավարության, արդարադատության ոլորտներն են։ Միացյալ Նահանգները միշտ եղել է մեր կարևոր գործընկերներից մեկն այդ առումով, և աջակցությունը Հայաստանին երկար տարիների գործընթաց է։ Վերջին ուղղությունը՝ մարդկանց միջև շփումներն են՝ հումանիտար, կրթական, մշակութային և այլ ծրագրերի մասին է խոսքը, որոնք նույնպես կարևոր են 2 երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների կոնտեքստում։
Փաստաթուղթն ունի թե՛ կարևոր քաղաքական, թե՛ պրակտիկ նշանակություն։ Դուք կարող եք հարցնել՝ իսկ ինչու՞ գնացող ադմինիստրացիայի հետ. գիտե՞ք, ռազմավարական այդ երկխոսությունը, ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ադմինիստրացիայի ժամանակ, և այս գործընթացները կապ չունեն Վաշինգտոնում քաղաքական թիմի, այս կամ այն թիմի ներկայության հետ․ սրանք ինստիտուցիոնալ մեխանիզմներ են, որոնք ուղղակիորեն կախված չեն քաղաքական տարբեր գործոններից։ Հակառակը, հարաբերությունների՝ այս մակարդակի բարձրացումը թույլ կտա նոր ադմինիստրացիայի հետ մեր գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք, շատ ավելի առաջընթաց դիրքերից։ Հայտնի է, որ վերջին՝ առնվազն մեկ-երկու ամսվա ընթացքում Վաշինգտոնում ստեղծվել էր անցումային թիմ, և, իհարկե, բոլոր արտաքին և կարևոր այլ հարցերի շուրջ թե՛ գնացող ադմինիստրացիան, թե՛ նոր ադմինիստրացիան կոորդինացում ունեին, և բնական է, որ նման փաստաթղթերի ստորագրումը կոորդինացվել է նաև նոր ադմինիստրացիայի հետ։
Այնտեղ նաև ընդունվեցին մի շարք այլ որոշումներ. դա էներգետիկայի բնագավառում բանակցությունների մեկնարկն է, որի շուրջ բանակցություններն, իհարկե, արդեն տեղի կունենան նոր ադմինիստրացիայի հետ, և, բնականաբար, դրանք համաձայնեցվել են։
Հայաստանը նաև միացավ «Իսլամական պետության» դեմ ալյանս կառույցին, որը միշտ եղել է ահաբեկչության դեմ մեր համատեղ պայքարի կարևոր ուղղություններից մեկը, և վստահ ենք՝ նոր ադմինիստրացիայի հետ նույնպես այդ համագործակցությունը կզարգանա։ Այնպես որ, այս քայլն ուղղված էր նոր ադմինիստրացիայի հետ շատ ավելի ամուր հիմքերի վրա մեր համագործակցությունը շարունակելուն. նաև վարչապետի այց կա Վաշինգտոն, և կարծում եմ, որ այդ բոլոր ջանքերի շնորհիվ կշարունակենք անցած տարվա այդ աննախադեպ դինամիկան», - ամփոփել է Հովհաննիսյանը։