
Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երկաթուղային հաղորդակցության անվտանգության հարցերի հանձնաժողովի վեցերորդ երկօրյա նիստը:
Լրագրողների հետ զրույցում ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ հանձնաժողովն զբաղվում է շարժակազմի պահպանման և վերանորոգման խնդիրներով, ինչը չափազանց կարևոր է ողջ ենթակառուցվածքի պահպանման տեսանկյունից: Հայաստանը գործուն կերպով փոխգործակցում է Երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության հետ, ինչն անհրաժեշտ է համապատասխան լուծումների նկատմամբ միասնական դիրքորոշում և մշակում պահանջող հարցերին աջակցելու համար: Խորհուրդը ներառում է մի քանի հանձնաժողով, որոնք զբաղվում են ուղևորափոխադրումներով, փոխգործակցության ուղղությունների մշակմամբ, երթևեկության ժամանակացույցերի համապատասխանեցմամբ, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցմամբ:
Նիստին մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենտսանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի հիմնական խնդիրներ են, մասնավորապես, միջազգային երկաթուղային հաղորդակցության անվտանգության ապահովման բնագավառում միասնական քաղաքականության ձևավորումը, գործողությունների համակարգումը երթևեկության անվտանգության հարցերում, երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված առաջարկությունների նախապատրաստումը:
Կառույցի վարույթում են, մասնավորապես, երթևեկության անվտանգությանը վերաբերող հիմնական փաստաթղթերի քննարկումն ու համաձայնեցումը, տրանսպորտային պատահարների, երթակառուցվածքի օբյեկտների վիճակի և շարժակազմերի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, համակարգումն ու վերլուծությունը, արտակարգ իրավիճակների պայմաններում գնացքների երթևեկության կազմակերպման վերաբերյալ հանձնարարականների մշակումը, առաջատար միջազգային փորձի վերլուծությունը և այլն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100%-անոց դուրստ ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարում` 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրին համապատասխան: Հավատարմագրային կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` ևս 10 տարով երկարաձգման իրավունքով: