Արմինֆո. Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը՝ նույն պայմաններով, որոնց հիման վրա Բաքուն կառուցում է իր նախագծերը Թեհրանի հետ: Այդ մասին հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ խոսելով Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան շարժակազմերի անարգել անցման հնարավորության մասին։
Վարչապետի ասելով՝ հայկական կողմը շահագրգռված է երկաթուղու ապաշրջափակմամբ, սակայն տվյալ դեպքում խոսքը կարող է լինել տարանցման մասին: "Երբ գնում եք աշխատանքի, դուք ընտրում եք առավել ընդունելի երթուղին, որով շարժվում եք անարգել, բայց դա չի նշանակում, որ դուք, խախտելով օրենսդրությունը, կարող եք ուղեւորվել ինչպես ցանկանում եք և որտեղ ցանկանում եք։ Իրանից Վրաստան մեկնող մեքենաները նույնպես անարգել են անցնում երթուղին, բայց՝ Հայաստանի օրենքներով։ Նույնը մենք ասում ենք նաև Ադրբեջանից Նախիջևան երկաթուղու մասին", - ասել է վարչապետը։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին՝ Փաշինյանը նշել է, որ ամեն ինչ տեղի է ունենալու այնպես, ինչպես նկարագրված է հանձնաժողովների կանոնակարգում։ "Պետք է անկեղծ ասեմ, որ սահմանազատման գործընթացը առարկայական դարձավ 2024 թվականին։ Մենք ունենք առաջին միջպետական փաստաթուղթը Ադրբեջանի հետ։ Երկրներից յուրաքանչյուրը հավանություն է տվել այդ փաստաթղթին, ինչը հիմնարար նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն կա, որ առաջիկա ժամանակահատվածում հանձնաժողովները և կողմերը կկենտրոնանան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների վրա ՝ Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման",-ասել է վարչապետը, միաժամանակ հավելելով, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հարցում նոր բան չկա, համաձայնեցվել է 17 կետից 15-ը ։ Հայկական կողմը մնացած երկու կետերի մասով ներկայացրել է իր առաջարկները։ Դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչների չտեղակայմանը։ "Մենք առաջարկում ենք դա կիրառել այն սահմանների նկատմամբ, որոնք արդեն ենթարկվել են սահմանազատման։ Կա նաև միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու թեմա, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում կարող է ընդունելի լինել մեզ համար, այն իմաստով, որ մենք ոչ միայն միջազգային ատյաններից ինչ-որ բան հետ ենք կանչում, այլև, ընդհանրապես, հրաժարվում ենք այդ վեճերից", - ընդգծել է վարչապետը: