Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում նախատեսված չէ Փաշինյանի հանդիպում Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի սկզբին նախատեսվում է Փաշինյանի այցը ԱՄՆ: Նա կմասնակցի Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև Վաշինգտոնում կայանալիք "Ազգային աղոթքի նախաճաշին": Գագաթնաժողովում Փաշինյանը հանդես կգա ելույթով:
«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս պահին մեր ծրագրում նման կետ չկա, բայց սա շատ կարևոր այց է։ Մենք խորհրդակցեցինք մեր գործընկերների հետ և եկանք այն եզրակացության, որ մենք անպայման պետք է գնանք և մասնակցենք», - ասել է վարչապետը։
Նա նշել է, որ հրավերներ են եղել նաև՝ մասնակցելու այլ միջոցառումների: Ներկայումս քննարկվում է մասնակցության հնարավորությունը:-