Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի հարցում կեղծ համահավասարություն պահպանելու ձախողված քաղաքականությունից։
«Օբամայի վարչակազմը Բաքվին կանաչ լույս է տալիս՝ Ադրբեջանի միակողմ ագրեսիային պատասխանելով միայն հրադադարը պահպանելու մասին կողմերին ուղղված ընդհանրացնող կոչերով: Արտաքին քաղաքականությանը հետևող բոլոր անձանց համար՝ սկսած պաշտոնյաներից մինչև 9-րդ դասարանի աշակերտներ, պարզ է, որ հենց Իլհամ Ալիևն է առաջինը սկսում հարձակումները։ Ձևացնել, թե դա այդպես չէ, մաքուր կեղծիք է, որը հղի է մահացու հետևանքներով»,- նշվում է հանձնախմբի հայտարարության մեջ։
ANCA-ն ընդսմին Օբամային կոչ է անում հրաժարվել խորապես արատավոր և ակնհայտ ձախողված կեղծ ազնվության քաղաքականությունից և դրա փոխարեն որոշակի քայլեր ձեռնարկել պատերազմը կանխելու և արդար ու կայուն խաղաղության հիմք ստեղծելու համար։
«Նման հիմքերից մեկը միջազգային միջնորդների առաջարկներն են, որոնց արդեն համաձայնել են Հայաստանն ու Արցախը, բայց` ոչ Ադրբեջանը։ Նման առաջարկ է, մասնավորապես, դիպուկահարների հետ քաշումը, լրացուցիչ թվով ԵԱՀԿ դիտորդների ներգրավումը, շփման գծում միջազգային հսկողության ներքո հրաձգության տեղորոշիչների համակարգի տեղակայումը», - ասվում է հանձնախմբի հայտարարությունում։
Ավելին, ANCA-ն գործարկել է #StopAliyev առցանց նախաձեռնությունը` ողջ աշխարհի հայությանը կոչ անելով օգտագործել սոցիալան մեդիան որպես ANCA քարոզչական միջոց` միջազգային հանրությանը կոչ ավելու համար որոշակի միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Արցակի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Նախաձեռնությանը կարելի է մասնակցել` այցելելով http://anca.org/StopAliyev: