Արմինֆո.Հայաստանի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստի նսեմացումը նշանակում է ջուր լցնել օտարի ջրաղացին։ Այդ մասին CILICIA TV հեռուստաալիքին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը պատմաբաններին թողնելու առաջարկը Թուրքիայի գաղափարն է։ "Այդ մոտեցումը եղել և մնում է մեզ համար անընդունելի", - ընդգծել է պատրիարքը, հավելելով, որ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը քննարկման ենթակա չէ և, հետևաբար, կասկած չի հարուցում: Նույնիսկ պետություններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ հաստատել են, թե ով է եղել դրա հեղինակը։ "Մենք անցել ենք այդ փուլը և գտնվում ենք հատուցման հարցի իրավական լուծման փուլում։ Այդ ուղղությամբ առաջին քայլը 2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից հարուցված հայցն էր ընդդեմ թուրքական պետության՝ Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով", - ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը։
Նա հիշեցրել է, որ հարցեր բարձրացնելով և ազգային արժեքների վերաբերյալ հակասություններ ստեղծելով՝ Հայաստանի իշխանություններն, իրականում, անիմաստ բանավեճեր են ծնում: "Մենք պետք է զգույշ լինենք, քանի որ ապրում ենք վտանգներով լի աշխարհում։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական մարտահրավերները մեզ համար անբարենպաստ են։ Ուստի թախանձագին հորդորում ենք հեռու մնալ այն մոտեցումներից ու մտքերից, որոնք նոր խնդիրներ են ստեղծում հայկական կյանքում: Այսօր առավել քան երբևէ պարտադիր պայման է ազգային ուժերի համախմբումը Հայաստանում և Սփյուռքում՝ համահայկական օրակարգի շուրջ", - ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Հիշեցնենք,որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության փաստը: "Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է դա տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ըննկալել. Ինչպե՞ս եղավ, որ 1939 թվականին չկար Հայոց ցեղասպանության օրակարգ, իսկ ահա 1950 թվին այն հայտնվեց: Թե ինչպես է դա տեղի ունեցել, մենք պետք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք", - նշել էր Հայաստանի վարչապետը։
Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ նա, ըստ երեւույթին, կամ տեղյակ չէ, որ «ցեղասպանություն» եզրույթը շրջանառության մեջ է դրվել ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինի կողմից՝ միայն 1944 թվականին, կամ էլ միտումնավոր կերպով փորձում է ստեղծել պատում այն մասին, որ "այդ հարցն արհեստականորեն բարձրացվել է Խորհրդային Միության կողմից՝ Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու համար"։