


Արմինֆո.Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյին կոչ է արել դիտարկել Արցախից փախստականներին մարդասիրական աջակցությունը շարունակելու հնարավորությունը՝ 3 ամիս ժամկետով ողջ օտարերկրյա օգնության դադարեցման ֆոնին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Ռուբիոյին ուղղված նամակում շնորհավորել է վերջինիս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ և ANCA-ի պատրաստակամությունը հայտնել համագործակցելու նրա հետ՝ Հայաստանին և շրջակա տարածաշրջանին վերաբերող հարցերում:
«Մենք մեծապես կարևորում ենք ձեր ջանքերը ԱՄՆ Սենատում (ANCA A+ վարկանիշ), ներառյալ ձեր առաջնորդությունը S. Res 244 բանաձևի նկատմամբ, որը կոչ է անում մարդասիրական արտակարգ օգնություն ցուցաբերել Արցախի հայերին, եւ, իհարկե, հպարտ ենք, որ պաշտպանել ենք Ձեր թեկնածությունը", - ասված Է կազմակերպության թվիթերյան(X) էջում հրապարակված նամակում:
Համբարյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել Ռուբիոյի հետ համագործակցել հայ համայնքին եւ նրա կոալիցիոն գործընկերներին հուզող հարցերի ամբողջ սպեկտրում: "Դրանց թվում են հայերի անվտանգ վերադարձն Արցախ, Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ վճռական դիրքորոշումը և Ալիևի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերը Ազատության աջակցության օրենքի 907 բաժնի և Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների կիրառման միջոցով", - ասվում է Ռուբիոյին ուղղված նամակում: -0-
Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, այլ երկրներին օգնության բոլոր ծրագրերը պետք է 90 օրով դադարեցվեն ՝ սպասելով պետքարտուղարի կողմից դրանց քննարկմանը:



