Արմինֆո. Եվրամիության երկրների դեսպանները հունվարի 29-ին Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:
«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:
Ըստ Հայաստանում Եմ առաքելության, այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը, փաստացի, ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն արդեն արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:
Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել էր ձևավորել Եվրամիության նոր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկվել է մինչև 100 մասնագետ: Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 մլն եվրո։ EUMA-ի նախնական մանդատը նախատեսված էր երկու տարվա համար, նրա օպերատիվ շտաբը նշանակվել է Եղեգնաձորում:
Առաքելությունը սկսել է գործել 2023 թվականի փետրվարի 20-ին։ Նրա կազմում ընդգրկված են 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 ոստիկան Գերմանիայից։ Բացի այդ, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ ԱԳՆԽ նիստի արդյունքներով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր առաքելության թվաքանակը 209 մարդու հասցնելու մտադրության մասին։