Արմինֆո. Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հրապարակումից։
" Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը։", - ասվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության հրապարակման մեջ, որին կից զետեղված են դեսպան Բուշի թանգարան-ինստիտուտ այցելության լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-16 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևում ոչ միայն ճանաչվում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը, այլև այդ իրադարձությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը: