Արմինֆո.Թուրքիան պատրաստ է անազատության մեջ գտնվող քուրդ քաղաքական գործիչների զանգվածային համաներման։ Ինչպես հաղորդում է ռուսական "Նեզավիսիմայա գազետա"-ն, դա Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ և գաղափարախոս Աբդուլլահ Օջալանի հետ հնարավոր գործարքի մի մասն է:
Բանակցություններում առաջընթացի նշան է դարձել այն, որ բանտում ձախ արմատական խմբավորման հիմնադրին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ այցելել է թուրք պատգամավորների պատվիրակությունը։ Հավանաբար, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է լուծել հին հակամարտությունը, որպեսզի իր կողմը հակի քրդական ընտրազանգվածին։ Սակայն փորձագետները նախազգուշացնում են, որ PKK-ի ստորին օղակը կարող է խաղաղ գործընթացին պատասխանել ահաբեկչական գործողություններով։
Անկարայի եւ Օջալանի միջեւ գործարքի ընդհանուր պարամետրերը մոտ են ձեւակերպմանը, ինչի մասին վաշինգտոնյան Al-Monitor պարբերականին հայտարարել են բանակցություններին մոտ աղբյուրները: Նրանք նշել են այս շաբաթ քրդերի շաահերը ններկայացնող DEM կուսակցության պատգամավորների այցը Մարմարա ծովում գտնվող Իմրալի կղզի, որտեղ պահվում է PKK -ի հիմնադիրը։ Al - Monitor-ի զրուցակիցները պատմել են, որ Օջալանին համոզել են հրապարակավ կոչ անել իր զինակիցներին՝ զինաթափվել: Փոխարենը՝ Անկարան խոստացել է ազատ արձակել նրան, ինչպես նաև զանգվածաբար համաներում շնորհել անազատության մեջ գտնվող քուրդ քաղաքական գործիչներին։ Նրանց թվում է հայտնի ընդդիմադիր Սելահիթին Դեմիրթաշը, որը ժամանակին Թուրքիայի խորհրդարանական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդն էր։
Al - Monitor-ի աղբյուրները պնդում են, որ Թուրքիան նաեւ խոստացել է ճնշում չգործադրել սիրիացի քրդերի նկատմամբ, որոնք պայքարում են իրենց անկլավի համար: Ի դեպ, ամերիկացի փորձագետ Գյոնյուլ Թոլը, հղում անելով այլ աղբյուրների, հաղորդել է. ընդհակառակը, գործարքը չի ենթադրում Հյուսիսարեւելյան Սիրիայի հատուկ կարգավիճակի տրամադրում։ Ինքնավարության փոխարեն այնտեղ գործող ջոկատներին կառաջարկվի համագործակցել Թուրքիային հավատարիմ ազդեցության խմբի ՝ Քրդական ազգային խորհրդի հետ, որը ստեղծվել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի աջակցությամբ ։ Ինչպես իր միկրոբլոգում նշել է Թոլը, ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն, այսպես թե այնպես, ստիպված կլինեն միանալ Սիրիայի միասնական բանակին: PKK-ի իրաքյան ճյուղավորումներն, իբր, համաձայնել են դրան, պնդում են փորձագետի աղբյուրները։
Թոլի ասելով՝ ամենամեծ զիջումները կստանան Թուրքիայի տարածքում բնակվող քրդերը։ Էրդողանի շրջապատը, իբր, խոստացել է սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնք երկրում կամրապնդեն այդ էթնիկ խմբի վիճակը։
Էրդողանի քննադատները պնդում են, որ PKK-ի հետ խաղաղ գործարքի հաշվին Թուրքիայի առաջնորդը մտադիր է իր կողմը քաշել քրդական ընտրազանգվածին: Դա անհրաժեշտ է 2028 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Հրապարակային միջոցառումներից մեկի ժամանակ Էրդողանն արդեն կատակով հաստատել է, որ պատրաստ է հերթական անգամ առաջադրվել։ "Արդարություն և զարգացում" կուսակցության (ԱԶԿ) նրա զինակիցները պնդում են, որ այդ հարցը 2027 թվականին հաստատուն կերպով կմտնի ներքին օրակարգ: