Արմինֆո. Պետությունը պատասխանատվություն է կրում ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար:
Այսպես, ինչպես միշտ, ուշացած է արձագանքել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ազատազրկման վայրերում արձանագրված մահվան և ինքնասպանության դեպքերին, ինչի մասին արդեն մի քանի օր գրում են հայաստանյան լրատվամիջոցները:
ՄԻՊ հաղորդագրության համաձայն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու ստացված ահազանգերը վկայում են, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք:
Պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:
«Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով իրավասու մարմիններից պահանջել է պարզաբանումներ և վարույթների արդյունավետ քննության կապակցությամբ գրություն հասցեագրել Քննչական կոմիտե:
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ըստ հայկական ԶԼՄ-ների, վերջին 23 օրվա ընթացքում ՔԿՀ-ներում մահացել է 4 կալանավոր: Կալանավորներից մեկը 20-օրյա հացադուլ է հայտարարել, երկուսը կախվել են, իսկ երրորդը մահացել է Հերացի հիվանդանոցում: