Արմինֆո. Որոշակի փուլում, երբ Հայաստանի կառավարությունը որոշում կկայացնի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, այդ հարցով հանրաքվե կանցկացվի։ Այդ մասին հունվարի 24-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարել է "ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին" օրենքի նախագիծը ներկայացրած նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին:
Սակայն, ինչպես նշել է ներկայացված փաստաթղթի համահեղինակը, օրինագիծը չի նախատեսում այդ քայլը, այն, ընդամենը, խոսում է գործընթացի մեկնարկի մասին: Բայց հետագայում, ինչ-որ փուլում, առանց որևէ կասկածի, հանրաքվեի անցկացումն անհրաժեշտություն կդառնա։ "Սա քաղաքական գործընթաց է, որը մենք սկսում ենք։ Այս ճանապարհին կլինեն բարդություններ, և անհապաղ արդյունք չպետք է ակնկալել։ Սկզբում մենք դեռ պետք է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանանք", - ասել է նախկին նախարարը:
Պատասխանելով ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի այդ գործընթացն ավարտելու համար, որի ընթացքում անհրաժեշտ կլինի երկրի օրենսդրության արմատական փոփոխություններ կատարել, որոնք, իրենց հերթին, կսկսեն հակասության մեջ մտնել Եվրասիական տնտեսական միության երկրների օրենսդրությունների հետ, Զեյնալյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր մաքսային տարածք ունեցող տնտեսական կառույց է: Մինչդեռ, ԵՄ-ում կիրառվող ստանդարտներն իրենց բնութագրերով շատ ավելի բարդ են։ Բայց, եթե հայկական ապրանքները համապատասխանեն ԵՄ չափանիշներին, դրանք կիրառելի կլինեն նաև ԵԱՏՄ-ում։ Այդ տեսանկյունից, բանախոսի համոզմամբ, ԵԱՏՄ-ի հետ խնդիրներ չպետք է լինեն։ "Այո, ԵԱՏՄ և ԵՄ մաքսային տարածքներն անհամատեղելի են, քանի որ ԵԱՏՄ-ն, ընդամենը, տնտեսական կառույց է՝ իր Մաքսային միության հետ, որը համապատասխանում է մեր շահերին, և երկրներն իրենք են որոշում ՝ մնալ այդ կառույցում, թե՝ ոչ", - ասել է Զեյնալյանը:
Ի պատասխան՝ Արմեն Գեւորգյանը նկատել է, որ օրինագծի ընդունումից հետո կսկսի ձեւավորվել նոր աշխարհաքաղաքական իրողություն, որը նոր մարտահրավեր կլինի Հայաստանի համար՝ առկա բոլոր ռիսկերով: "Ուզեք, թե չուզեք, այդպես էլ կլինի", - ասել է ընդդիմադիրը։