Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի լիազորությունները դադարեցված դատավոր՝ դիմումատու Սուրեն Անտոնյանի գործով որոշում է հրապարակել, գտնելով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում: Այդ մասին հաղորդում է ՀՀ դատավորների միության մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված և որ դիմումատուին այդ առումով բավարար դատավարական երաշխիքներ չեն տրամադրվել։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 26-ին Բարձրագույն դատական խորհրդը՝ նախագահությամբ Կարեն Անդրեասյանի, մասնակցությամբ անդամներ՝ Հայկ Գրիգորյանի, Երանուհի Թումանյանցի, Նաիրա Հովսեփյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի, Վիգեն Քոչարյանի, Սերգեյ Չիչոյանի բավարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և դադարեցրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:
Հարկ է նշել, որ ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում Սուրեն Անտոնյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Կարեն Անդրեասյանին՝ գտնելով, որ կարգապահական վարույթը չի կարող Անդրեասյանի կողմից քննվել անաչառ, քանի որ ԱՆ Գրիգոր Մինասյանի հետ գտնվել է տնտեսական և ֆինանսական կապի մեջ, որը, սակայն, մերժվել էր:
Այսպիսով, որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, մեկնաբանելով դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ գործը վերաբացելու վերաբերյալ Եվրոպական դատարանի հայտարարությունը, հայտարարել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի գործողություններում առերևույթ հանցագործության հատկանիշներ են նկատվում, որը պետք է ստանա պատշաճ քրեաիրավական գնահատական:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել: Ընդ որում, նա չէր բացահայտել իր քայլի խորքային պատճառները, միայն նշել էր, որ որոշել է առաջ անցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմում պաշտոնանկությունների շքերթի ֆոնին և թողնում է ինչպես ԲԴԽ ղեկավարի պաշտոնը, այնպես էլ դադարում է լինել ԲԴԽ անդամ:
Հատկանշական է, որ ավելի ուշ Փաշինյանը խոստովանել է, որ "բարեկամաբար" խնդրել է Անդրեասյանին լքել պաշտոնը՝ այդպիսով ակնհայտ միջամտություն ցուցաբերելով իշխանության երեք անկախ ճյուղերից մեկի ՝ դատական իշխանության գործունեությանը։