Արմինֆո.Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում, ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։
Վարչապետը նշել է, որ կարևոր է մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը գիտության զարգացման գործում և հավելել, որ կառավարությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ խթանելու նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացումը։
Արտեմ Փաթափությանն, իր հերթին, նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններում և ծանոթացել գիտության ոլորտում առկա ներուժին։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում։