Արմինֆո.Մենք խաղաղություն չենք մուրում, այլ լուծումներ ենք առաջարկում խաղաղ ելքի համար։ Այդ մասին հունվարի 23-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա, մասնավորապես, նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի կառավարության կողմից առաջարկվել է "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը: "Այլ հարցերի վերաբերյալ ևս լուծումներ ենք ներկայացրել։ Եվ շարունակելու ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին", - ասել Է ԱԽ ղեկավարը, հիշատակելով խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը։
Պատասխանելով խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին՝ նա հայտարարել է, որ Հայաստանն իր առաջարկներն ուղարկել է ադրբեջանական կողմին՝ 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ, և սպասում է վերջինիս պատասխանին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որոնցից 15-ն արդեն համաձայնեցված են։ Նա հերթական անգամ նշել էր Հայաստանի սահմանադրությունը, որում, ըստ Բաքվի, տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ ։ <Հայաստանի սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումն էլ ավելի է բարդացրել գործը, քանի որ հենց Հայաստանի սահմանադրության նախաբանում է հղում արվում այն փաստաթղթին, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ", - նշել էր Ջեյհուն Բայրամովը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հունվարի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստում Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին կետ չկա:-