Արմինֆո. Հայաստանի Հանրապետության համար կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցները, որի հետևանքով մեր առկա տնտեսական ներուժի օգտագործումը սահմանափակված է երկրորդային պատժամիջոցների ռիսկերով։ Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հրապարակած ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ 2025թ. տարեկան զեկույցում։
«Երկրորդային պատժամիջոցների ավելացման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կբախվի նոր սահմանափակումների։ 2025 թվականին թե Ռուսաստանի, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը, որը Հայաստանի տնտեսության համար կունենա էական ազդեցության ներուժ, գնահատում ենք քիչ հավանական, հետևաբար՝ երկրորդային պատժամիջոցներով պայմանավորված ռիսկերը Հայաստանի համար 2025 թվականին արդիական կմնան։ Մյուս կողմից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակական կիրառման, ռուս-ուկրաինական հակամարտության և էական այլ գործոնների համադրությունը բարձրացնում է Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղման հավանականությունը, հավելյալ ռիսկեր ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար։
Տեխնոլոգիական զարգացում ․ 2025 թվականին տնտեսական պատժամիջոցների անուղղակի ազդեցությունը շարունակելու է Հայաստանի համար ռիսկեր գեներացնել նաև տեխնոլոգիական զարգացման, տեխնոլոգիաներին Հայաստանի հասանելիության տեսանկյունից։ Խոսքը ինչպես տեղական ներուժով տեխնոլոգիաների արտադրման, այնպես էլ տեխնոլոգիաներ ներկրելու հնարավորության մասին է։ Տեխնոլոգիական գործիքների, սարքավորումների, ծրագրային ապահովումների հասանելիության խոչընդոտները սահմանափակում են ոչ միայն գործարար միջավայրի, այլ նաև նորարարությունների զարգացումը։
Էներգետիկ անվտանգության ռիսկերը շարունակելու են արդիական մնալ նաև 2025 թվականին։ Էներգետիկ կախվածությունը շարունակում է օգտագործվել որպես տարածված քաղաքական ազդեցության գործիք, թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային հարաբերություններում, որից անմասն չէ նաև Հայաստանը։ Չբալանսավորված էներգետիկ կախվածությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում տնտեսական կայուն զարգացման, ինքնիշխան քաղաքականության և սոցիալական կայունության համար, և մեծացնում Հայաստանի դեմ կիրառվող արտաքին քաղաքական ճնշման արդյունավետությունը։ Տնտեսական, լոգիստիկ, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության հարցերը տարածաշրջանային զարգացումների համապատկերում կշարունակեն ուղղակիորեն փոխկապակցված լինել ռազմաքաղաքական հնարավոր զարգացումների և տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դերակատարների փոխհարաբերությունների դինամիկայի հետ», - ասվում է ԱՀԾ զեկույցում։