Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդին՝ Մոնակոյի պետնախարար Դիդիե Գիյոմի մահվան կապակցությամբ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարար պարոն Դիդիե Գիյոմի մահվան մասին։
Պետնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելով 2024 թվականի սեպտեմբերին՝ Դիդիե Գիյոմն իր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական ուղու ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունն ու գիտելիքներն աներկբա վճռականությամբ ներդրել է ի բարօրություն Մոնակոյի Իշխանապետության և իր ժողովրդի։
Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում Հայաստանին վերաբերող հարցերում նրա շարունակական ուշադրությունը և հայ ժողովրդի հանդեպ անվերապահ բարեկամությունն ինչպես Մոնակոյում, այնպես էլ Ֆրանսիայում իր ծավալած գործունեության ընթացքում։
Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ, իսկ հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին մաղթում տոկունություն և ոգու ամրություն»: