


Հայերը եզրափակում են համաշխարհային առաջատարների եռյակը գողական տիտղոսներով անձանց թվով: Այդպիսի եզրակացության է հանգել «Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը` գործող «օրենքով» գողերի քանակական, ժողովրդագրակնա և ազգային կազմի վերլուծության արդյունքում:
Աղբյուրի համաձայն, Հայաստանում հոծ բնակվող հայերը երկրի սահմաններից դուրս իրենց ազդեցությունը չեն տարածում: «Այն բանից հետո, երբ իշխանությունները հայ գողերի համար ստեղծել են ջերմոցային պայմաններ, հայրենիք են վերադարձել նաև նրանք, ովքեր ապրում էին Սոչիում: Այժմ նրանք նախընտրում են ընդունել մոսկովյան հյուրերին և իրենց շահերը ներկայացնել բարձրագույն պետական մակարդակով: Հետխորհդրային ողջ տարածքում միայն Աբխազիայում են գողերն օգտվում նման բարենպաստ պայմաններից», - նշում է գործակալությունը:
Իսկ վարկանշային աղյուսակը գլխավորում են վրացիները: Նրանք ներկայացված են կլաններով` ըստ իրենց ծծնդավայրերի: Պատվավոր երկրորդ տեղում ռուսներն են: Չորրորդ տեղն զբաղեցնում են ոչ թե ադրբեջանցիները, ինչպես շատերը կարող էին ենթադրել, այլ` եզդիները: «Այս դարերով հալածյալ, սակայն հպարտ ժողովրդի ներկայացուցիչները` ի դեմս Դեդ Հասանի և Շաքրոյի, արդեն քառորդ դար կառավարում են պարահանդեսը քրեական Ռուսաստանում: Այսօր ոչ մի այլ ազգություն գողական աշխարհին նույն ազգանունով` չորս Օզմանով և երեք Կալաշով (Կալաշյան), գող չի տվել: Հաշվի առնելով, որ եզդիները ամուսնանում են միայն եզդիների հետ, այդ գողերը սոսկ ազգանվանակից չեն», - նշում է «Պրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը:



