Արմինֆո.Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի հետ համատեղ փաստագրել է 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապահին՝ Բերքաձորում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով անհետ կորածների պատմությունները և պատրաստել զեկույց, որը կուղարկվի միջազգային կառույցներին։
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ պայթյունի պահին պահեստում հարյուրավոր արցախցիներ սպասում էին բենզին ստանալու իրենց հերթին, որպեսզի կարողանային տարհանվել։ «Պայթյունը խլել է 218 մարդու կյանք, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ 23 անձի ճակատագիր դեռևս անհայտ է մնում։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։ Ադրբեջանը միջադեպի առնչությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել և պայթյունի հետևանքով անհետ կորած հայերի պատշաճ որոնում չի իրականացրել: Հետաքննություն չանցկացնելով Ադրբեջանն անտեսել է իր իրավական պարտավորությունները։ Պայթյունին նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ է թույլ տվել․ շրջափակում, համատարած խուճապ, վառելիքի սակավ մատակարարում և պատերազմ: Եվ այդ խախտումների շարունակականությունն է հանգեցրել սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունին», - ասվում է զեկույցում։
ՀԿ-ները հիշեցնում են, որ Ադրբեջանն ունի Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն, մուտք պայթյունի վայր, ինչպես նաև անհետ կորած անձանց ԴՆԹ հետազոտության համար նախատեսված նմուշները ստանալու հնարավորություն։
«Չձեռնարկելով համապատասխան միջոցներ անհետ կորածների որոնման և նրանց մասին տեղեկությունների տրամադրման առնչությամբ՝ Ադրբեջանը խախում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը՝ զրկելով ընտանիքներին իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի մասին իմանալու իրավունքից: Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հասանելի բոլոր տեղեկությունները», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի հետ համատեղ փաստագրել է պայթյունի հետևանքով անհետ կորածների պատմությունները և պատրաստել զեկույց, որը կուղարկվի միջազգային կառույցներին։ Այն նպատակ ունի ապահովել միջազգային ճնշում, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները և աշխատանքներ իրականացնի պայթյունի հետևանքով անհետ կորած 23 անձանց հայտնաբերման համար։
«Այս զեկույցը միասնական տեղեկատվական ռեսուրս է, որը ստուգված տվյալներ է տրամադրում անհետ կորածների կյանքի և պայթյունի պահին նրանց հետ կապված այլ հանգամանքների մասին։ Զեկույցով կոչ է արվում Ադրբեջանին տրամադրել բոլոր հասանելի տեղեկությունները պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց մասին՝ նրանց հայտնաբերելու աշխատանքներին օգնելու համար», - ընդգծել են զեկույցի հեղինակները։