Արմինֆո. Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի դատաստանի ֆոնին Հայաստանի իշխանությունների լռությունը կարող է Բաքվին օրինական իրավունք տալ ռազմական գործողություններ նախաձեռնել ՀՀ-ի դեմ: Նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի գործող և նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և Ադրբեջանում պահվող այլ պատանդների նկատմամբ դատաքննության մեկնարկի կապակցությամբ:
«Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:
Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն:
Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն:
Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:
Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ:
Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն», - գրել է Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանը քննել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների վերաբերյալ "մեղադրական եզրակացությունը": Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը: Դատարանի առջև են կանգնել նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Հունվարի 16-ին Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում պահանջել էր իրեն և իր փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք նախապատրաստվել պաշտպանությանը, վերացնել թույլ տրված բոլոր խախտումներն ու կեղծիքները, հրապարակային դարձնել իր և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ իրականացվող գործընթացը: "Ես պահանջում եմ հնարավորինս բաց գործընթաց ՝ միջազգային լրագրողների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ։ Համոզված եմ, որ միայն իրական դատավարությունը կօգնի քայլ առաջ կատարել մեր ժողովուրդների միջև նոր հարաբերություններ կառուցելու բարդ ճանապարհին", - ընդգծել էր նա։
Վերջում նա պահանջել էր իր գործը միավորել մյուս մեղադրյալների գործերի հետ։ "Իմ գործի 422 հատորից ավելի քան 400 հատորը ընդհանուր գործի դրվագներ են։ Իմ գործն առանձին վարույթում առանձնացնելը արհեստական և անհիմն որոշում է", - հավելել էր Վարդանյանը։