Արմինֆո. Համատարած թանկացումները, հարկերի և տուրքերի ավելացումը, մարդկանց կյանքի անհարկի բարդացումը՝ իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունք են: Այդ մասին գրել է "Ապրելու երկիր" կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Քաղաքային տրանսպորտը 100-ից դառնում է 300 դրամ։ Կարմիր գծերի տարեկան վճարը 12.000 դրամից դարձավ 160.000 դրամ։ Գույքահարկը 2021-ից մինչև 2026 թվականը թանկանում է չորս անգամ։ Փոքր բիզնեսի հարկը 2025թ. հունվարի 1-ից ավելացել է երկու անգամ։
Հայաստանում մեկ լիտր բենզինը արժի նվազագույնը 500 դրամ, երբ ԵԱՏՄ երկներում բենզինի գինը տատանվում է 170-ից 300 դրամի սահմաններում։ Օրինակ՝ Ռուսաստանում, մեկ լիտր բենզինն արժի մոտ 240 դրամ։ Նույնը վերաբերվում է նաև հեղուկ գազին։ Չկա որևէ հիմնավորում, թե ինչի է Հայաստանում մեքենայի վառելիքի գինը այսքան բարձր, համեմատած ԵԱՏՄ մյուս երկների հետ։
Զգալի թանկացումներ են պարենային շուկայում։ Թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները։
ՀՀ պետական պարտքը հատել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը և շարունակում է աճել։ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանի պետական պարտքը ավելացել է գրեթե 6 մլրդ դոլարով։
Իշխանությունների անհարկի քայլերը մարդկանց կյանքի նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու համար՝ սկսած համատարած հարկային հայտարարագրերից, բանկային գործարքներից, վերջացրած մարդկանց անձնական կյանք մտնելու հիվանդագին ցանկությամբ՝ չունեն որևէ օրինական հիմք։ Իշխանությունները պարզապես բարդացնում են մարդկանց կյանքն ու առօրյան։ Սա նաև պատճառ է դառնում, առանց այն էլ առհելի չափերի հասնող արտագաղթի աճին։
Ժողովուրդը քանի դեռ վեր չի կացել ու բռնել այս ապաշնորհ իշխանությունների ձեռքը՝ այս ամենը շարունակվելու է, և գնալով ավելի վատ է լինելու։ ՀՀ քաղաքացին ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրելու, քան այսօր, վաղը ավելի խոցելի և անպաշտպան է լինելու, քան այսօր։
Մի հավատացեք այն հեքիաթներին, որն առանց ամաչելու, ամեն օր ձեզ պատմում են, էկրաներից այն կողմ նստած պաշտոնյաները՝ խաղաղ, անվտանգ, լավ և բարեկեցիկ կյանքի մասին։ Նրանք դա իրենց ու իրենց ընտանիքների համար նկատի ունեն, բայց ոչ հասարակ ժողովրդի։ Սա է ճշմարտությունը, որը չտեսնել պարզապես անհնար է», - ընդգծել է Մաաանուկյանը։