Արմինֆո.ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, վստահեցնում է, որ վարչապետ դառնալու հավակնություն չունի: Այդ մասին հունվարի 20-ին նա հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք կցանկանար Հայաստանը գլխավորել՝ Մոսկվայի համապատասխան հավանության դեպքում։
<Հասկանում եմ, թե ինչու եք այդպես ասում, բայց համաձայն չեմ, որ կարելի է այդ մասին խոսել այս տեսանկյունից։ Չեմ կարծում, որ քաղաքական գործընթացներն այստեղ պետք է որոշվեն որևէ երկրի հավանությամբ",-ասել է նա։
Ի պատասխան այն դիտարկմանը, թե, ավանդաբար, այդպես է եղել, Լևոն Քոչարյանն ասել է, որ համաձայն չէ այդ դիտարկման հետ և ունի բոլոր հիմքերը հենց այդպես մտածելու համար:
"Ես նման հավակնություններ չունեմ (դառնալ վարչապետ-խմբ.), ես երբեք քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ չեմ ունեցել, երբեք պատգամավոր դառնալու հավակնություններ չեմ ունեցել։ Բայց մեր երկրում իրադարձություններն այնպես էին զարգանում, այնպիսի գործընթացներ էին տեղի ունենում, որ ես չէի կարող անմասն մնալ այդ ամենից։ Ինձ համար, անձնական տեսանկյունից, շատ ավելի հաճելի և հեշտ կլիներ ոչ մի բանի չխառնվել և ապրել իմ կյանքով: Այնպես որ, չգիտեմ, թե իրադարձություններն ինչպես կզարգանան ապագայում՝ "երբեք մի ասա երբեք" սկզբունքով»,-հավաստիացրել է Լեւոն Քոչարյանը ։