Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը դիմում է գրել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից ազատվելու մասին: Այդ մասին նա հաղորդել է Facebook-ի իր էջում։
«Սիրելի՛ ընկերներ, Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։
Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։ Աստված պահապան մեր Հայրենիքին…», - գրել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Պետրոսյանը նշված վարչության ղեկավարն էր 2024 թվականի հունվարից։ Մինչ այդ Գլխավոր դատախազությունում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում ՝ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է Քոչարյանի դեմ գործով մեղադրողներից մեկը։
Աննա Վարդապետյանի ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ըստ լրատվամիջոցների՝ Պետրոս Պետրոսյանն ու Աննա Վարդապետյանը լարված հարաբերություններ են ունեցել ։ Քննչական կոմիտեի ղեկավարի փոփոխությունից երկու ամիս անց (Արգիշտի Քյարամյանի փոխարեն գերատեսչությունը գլխավորել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանը), Պետրոսյանը հեռանում է նաև Քննչական կոմիտեից։