Արմինֆո. Գրականության և արվեստի թանգարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն ՝ նվիրված հայ երկու մեծ արվեստագետների՝ ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի և նկարիչ և կոլեկցիոներ Մարկոս Գրիգորյանի բարեկամությանը:
"Մեկ առարկայի պատմություն" ծրագրի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում ցուցադրվում է Մարկոս Գրիգորյանին պատկանող գորգը, որը նրան նվիրել է ինքը՝ Փարաջանովը:
Այս նվերի պատմությունը սկսվել է դեռևս 1988 թվականի աշնանը, երբ Սերգեյ Փարաջանովը հրավերով մեկնել էր Նյու Յորք՝ 26-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացնելու իր "Աշուղ Ղարիբ" ֆիլմը: Կինոփառատոնի ժամանակ ռեժիսորը ծանոթանում է Մարկոս Գրիգորյանի հետ։ Նրանք բարեկամական հարաբերություններ են հաստատում։
Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը, ի նշան բարեկամության, Մարկոս Գրիգորյանին նվեր է ուղարկում գորգ, հաղորդելով, որ այդ գործողությունը գաղտնի է իշխանություններից: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը լուսանկարվում է գորգն ուսերին և լուսանկարն ուղարկում Փարաջանովին, ակնարկելով, որ <գաղտնի> բեռը հասել է նշանակման կետ: Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը պատմել է նաև, որ Նյու Յորքում Գրիգորյանը Փարաջանովին թանկարժեք կինոտեխնիկա է նվիրել, և Թբիլիսի վերադառնալուն պես Փարաջանովը նրան պատասխան նվեր է ուղարկել:
Ցուցահանդեսի շնորհիվ հայտնի է դարձել, որ նկարիչը հայտնի է եղել Իրանում (որտեղ նա մեծացել և ապրել է), և՝ կինոարտադրության բնագգավառում: Թանգարանի այցելուները նաև բացառիկ հնարավորություն կունենան դիտելու Մարկոս Գրիգորյանի մասնակցությամբ կինոկադրերը:
Խոջամիրյանը նշել է, որ ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: Բացի այդ, մեկ տարի շարունակ Հայաստանում տեղի կունենան տարբեր միջոցառումներ՝ նվիրված Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ այս տարի Երևանում կբացվի Գրականության և արվեստի թանգարանի՝ հայ-իրանական նկարիչ Մարկոս Գրիգորյանի անվան մասնաճյուղը: Թանգարանը գործելու է Հանրապետության 32 հասցեում: Նման հաստատության բացման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև: