Արմինֆո. Ռուսաստանն ու Իրանն ապրիորի վնասակար են համարում Հարավային Կովկասում շատ երկրների քաղաքականությունը, որոնք ձգտում են ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ կամ սկսել Եվրամիության հետ մերձեցման գործընթացներ, ինչպես դա անում է այսօր, օրինակ, Հայաստանը։ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի ստորագրումն այդպես է մեկնաբանել քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը:
Փորձագետն արձանագրել է, որ փաստաթղթի բովանդակության համաձայն, եթե Իրանը հարձակման ենթարկվի, օրինակ, Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից, Ռուսաստանը պարտավորվում է չօգնել իսրայելցիներին կամ ամերիկացիներին: Նա հավելել է, որ նույն կերպ, եթե Ռուսաստանը ագրեսիայի ենթարկվի, ասենք, Ֆինլանդիայի կամ Լեհաստանի կողմից, Իրանը խոստանում է չօգնել ֆիններին կամ լեհերին:
"Նման եզրահանգումներ, մասնավորապես, կարելի է անել, վերլուծելով Կրեմլում Պուտինի և Փեզեշքիանի ստորագրած ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի 3-րդ հոդվածը։ Բազմաէջանոց փաստաթուղթն ունի 47 հոդված, որտեղ դժվար է գտնել որևէ բան, որը խոսում է Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական դաշինքի ստեղծման մասին, ինչպիսին անցյալ տարի կնքվեց Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև: Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա պետք չէ ակնկալել, թե ուկրաինական ճակատներում Ռուսաստանի զինված ուժերի կողմից կպատերազմեն պարսիկ զինվորներ",-նշել է Դուբնովը։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պայմանագրի այլ հոդվածների շարքում հետաքրքրություն է առաջացնում 12-րդ հոդվածը, որտեղ Մոսկվան և Թեհրանը "համագործակցում են Կասպյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում միջամտությունը և այնտեղ երրորդ պետությունների ապակայունացնող ներկայությունը կանխելու նպատակով:
"Նման անորոշ ձևակերպումը, այնուամենայնիվ, հիմք է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանն ու Իրանը ապրիորի վնասակար են համարում նշված տարածաշրջանների շատ երկրների քաղաքականությունը, որոնք ձգտում են ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ կամ մերձեցման գործընթացներ սկսել Եվրամիության հետ, ինչպես դա անում է այսօր, օրինակ, Հայաստանը ։ Նկատենք, ի դեպ, որ հենց այդ փաստաթղթի ստորագրման օրը Հայաստանի վարչապետ Փաշինյանը զանգահարել է Պուտինին, որպեսզի բացատրություն տա նրան Մոսկվային անհանգստացնող այս թեմաների շուրջ", - հավելել է քաղաքագետը։
Դուբնովը նշել է, որ պայմանագրում կա նաեւ 33-րդ հոդված, որում կողմերը պարտավորվում են "համատեղ հակազդել Ռուսաստանի եւ Իրանի դեմ ապատեղեկատվությանը եւ բացասական քարոզչությանը, ազգային շահերին եւ անվտանգությանը սպառնացող ոչ հավաստի հասարակական նշանակության տեղեկատվության տարածմանը եւ մեդիաոլորտի այլ չարաշահումներին":
"Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Իրանի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, մանրակրկիտ խուսափում էր հիշատակել "սիոնական կազմավորում" (Իրանում "Իսրայել" բառն արգելված է) նույնիսկ այն ժամանակ, երբ Պուտինը խոսում էր անկախ պաղեստինյան պետության ստեղծման անհրաժեշտության մասին, որը "գոյություն ունի Իսրայելի հետ խաղաղության և անվտանգության մեջ" ։ Եվ նման լռությունն արդեն պետք է առաջընթաց համարել Իրանի առաջնորդների հռետորաբանության մեջ, սովորաբար նրանք հնարավորությունը բաց չեն թողնի եւս մեկ անգամ հայտարարել, որ "սիոնական կազմավորումն" անօրինական է եւ գոյության իրավունք չունի", - ամփոփել է Դուբնովը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագիր են կնքել։ Փաստաթուղթը Մոսկվայում ստորագրել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը՝ բանակցությունների արդյունքում: Փաստաթղթի մեկ երրորդը նվիրված է երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և միջազգային անվտանգության հարցերին: Առանձին կետով (հոդված 12) Մոսկվան եւ Թեհրանը սահմանել են, որ իրենք կնպաստեն "Կասպյան տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում, Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը" եւ կհամագործակցեն, ինչը կկանխի "նշված տարածաշրջաններում միջամտությունը եւ այնտեղ երրորդ պետությունների ապակայունացնող ներկայությունը":