Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ կառավարության ղեկավարը հրավիրված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, հայտարարել է, որ ժամանակին տեղեկացնում է վարչաապետի ցանկացած այցի մասին:
«Սպուտնիկ Արմենիա»-ի համապատասխան հարցին այդպես է պատասխանել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Դիտարկմանը, որ երդմնակալությանը մնացել է ընդամենը երկու օր, Բաղդասարյանը պատասխանել է. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։
Միաժամանակ. «Հրապարակ» թերթը հաղորդել է, որ Փաշինյանը չի հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Մինչդեռ, մեծ թվով պետությունների ղեկավարներ ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը: Եթե հայ-ամերիկյան հարաբերություններն իսկապես այդքան փայլուն են, ապա ինչու՞ չեն հրավիրել Նիկոլ Փաշինյանին։ Սա, ի դեպ, վկայում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի վատ աշխատանքի մասին։
Իսկ ՔՊ-ում շատ գոհ են Լիլիթ Մակունցի աշխատանքից և, նույնիսկ, նրան օրինակ են բերում այլ դեսպանների համար", - գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես իր պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին: