Արմինֆո.Պաշտոնական Երևանն արձագանքել է Գազայում հրադադարի ռեժիմի հաստատմանը:
Հայաստանի ԱԳՆ թվիթերյան (X) միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման շուրջ համաձայնագիրը, որը պետք է ապահովի պատանդների և գերիների ազատ արձակումը:
"Հուսով ենք, որ դա մեծ նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության ապահովման և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության հասնելու ճանապարհին", - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ում նաեւ բարձր են գնահատել միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այդ կարևոր հանգրվանին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, որը շարունակվում էր 2023 թվականի հոկտեմբերից: Պաղեստինյան խմբավորումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի պատանդների մի մասին:
Կատարը հանդես է եկել որպես բանակցությունների գլխավոր միջնորդներից մեկը և տրամադրել է իր տարածքը կողմերի անուղղակի հանդիպումների համար։
Հաղորդվում է, որ Գազայում կրակի դադարեցման և պատանդների ազատման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ և, առանձին, Իսրայելի ներկայացուցիչների հետ Կատարի վարչապետի հանդիպումների ժամանակ:
Կատարի վարչապետի հավաստմամբ՝ հրադադարն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին՝ պայմանով, որ դրան համաձայնի Իսրայելի կառավարությունը: