Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու մեղադրանքներով Ադրբեջանը փորձում է կոծկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իր կատարած հանցագործությունները։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այդպես է մեկնաբանել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ առաջիկա բեմադրված դատավարությունները:
Նա հիշեցրել է, հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն ապօրինի կերպով և մտացածին մեղադրանքներով Ադրբեջանի բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական դատավարությունները։
«Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով կոծկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ գերիների դեմ իր կատարած հանցագործությունները։ Ստալինը մահացել է, բայց Ալիևը սովորում է նրանից՝ օգտագործելով ցուցադրական դատավարություններ՝ հարձակման ենթարկելու իր թշնամիներին: Հենց դա է հիմա տեղի ունենում Ադրբեջանում», - գրել է Օկամպոն՝ «Թվիթերի» (X) իր միկրոբլոգում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, հունվարի 17-ին դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ "մեղադրական եզրակացությունը": Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը: Դատարանի առջև կկանգնեն նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: