Արմինֆո. Հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:
Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանի հաստատակամ մոտեցումը։
Նույն օրը Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Դեյվիդ Գաս Վալադաոյի հետ: Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման կարևորությունը, որն ուղղված է էլ ավելի ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները, ընդլայնելու համագործակցությունը և ընձեռելու նոր հնարավորություններ՝ ուղղված ՀՀ դիմակայունության աճին ու տնտեսական զարգացմանը։
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը՝ շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու երկկողմ համագործակցությունը նոր վարչակազմի հետ և կյանքի կոչելու Ռազմավարական գործընկերության կանոնադրության նպատակները: Կարևորվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից ՀՀ հետ հարաբերությունների խորացման երկկուսակցական աջակցությունը:
Նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, խաղաղության հաստատման ճանապարհին առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և տեսլականը: