Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Կիսելյովը հայտարարել էր, որ Ադրբեջանի համար կենսական կաարեւորություն ունի "Զանգեզուրի միջանցքի" բացումը, նշելով, որ այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում։ Նկատենք, որ Ռուսաստանն այդ ճանապարհը պաշտոնական մակարդակով անվանում է Մեղրու երթուղի և երբեք չի ասել, որ այն պետք է արտատարածքային բնույթ ունենա։ Մինչդեռ, ռուս հաղորդավար Կիսելյովը առաջ է մղում բացառապես ադրբեջանական նարատիվը՝ այդ ճանապարհն անվանելով բացառապես "միջանցք" եզրույթով։