Արմինֆո.Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման առնչությամբ հիմնազուրկ ոգևորության աղբյուրը ոչ թե իրականությունն է, այլ՝ կեղծ պատրանքը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Վարուժան Գեղամյանը:
«Այնպիսի հանրային ոգևորություն, որ կա այս օրերին, ես տեսել եմ 2018-2020 թվականներին` մինչև պատերազմը: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ այդ հիմնազուրկ ոգևորության աղբյուրը ոչ թե իրականությունն է, այլ այն կեղծ պատրանքը, որը մեծ թափով ստեղծում են նույն մարդիկ, որոնք հեղինակել են 2020 թվականի պատերազմական աղետն ու դրան հետևած անկումները:
Արդյունքը` ինչպես անցյալ անգամ, այս անգամ էլ նույնը կլինի: Եվ վերջում կմնա մոլորյալ հայ ժողովուրդը: Կամ ինչպես ասում էր Ֆ. Նանսենը` խաբված ժողովուրդը», - ընդգծել է փորձագետը:
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը: