Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը: Համապատասխան կոչը հրապարակվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքում և կազմակերպության թվիթերյան (X) պաշտոնական էջում:
ANCA-ն կոչ է անում ստորագրել խնդրագիրը, որը պահանջում է ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկին կոչ անել արգելափակել Ադրբեջանին բեռնատար ինքնաթիռների վաճառքի համար ավելի քան 100 մլն դոլարի ֆինանսավորում ստանալու "Բոինգ" ընկերության հարցումը, որը կնպաստի Ալիևի ռեժիմին զենքի ապօրինի մատակարարմանը:
"Ջո Բայդենի հրաժեշտի նվերը Հայաստանին՝ Արտահանման-ներմուծման բանկի ավելի քան 100 000 000 դոլարի ֆինանսավորումն է՝ Ադրբեջանին երկակի նշանակության բեռնատար ինքնաթիռների վաճառքի նպատակով, որոնք միլիարդավոր դոլարների զենք կփոխադրեն Ադրբեջան՝ Ալիեւի ցեղասպան ռեժիմի համար", - ասվում է Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում։