Արմինֆո. Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում սկսում են տալ իրենց արդյունքները։ Այդ մասին հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Մասնավորապես, նրա խոսքով, վերանայվել են դատավորների սոցիալական երաշխիքները, զգալիորեն բարձրացվել են նրանց աշխատավարձերը։ Կատարվել են նաև որոշ դատաարանների շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք հագեցվել են ժամանակակից կահույքով և տեխնիկայով: Սակայն այս ուղղությամբ, ինչպես ընդգծել է Գալյանը, առաջիկա տարիներին դեռ շատ անելիքներ կան։ "Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում դատարանների շենքերը պետք է համապատասխանեն միջազգային բոլոր նորմերին", - նշել է Գալյանը, հավելելով, որ այդ համատեքստում պետք է կառուցվի 2-3 նոր դատարանի շենք:
Արդարադատության նախարարության գործունեության ուղղություններից է նաև դատական հայցերի օպերատիվ և արդյունավետ քննության համակարգի ձևավորումը և դատական մարմինների գործունեության թափանցիկության բարձրացումը: "Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են, սակայն դրանք դեռևս բավարար չեն առկա խնդիրը լուծելու համար, և առաջիկայում համապատասխան գործողություններ կձեռնարկվեն դատարանները բեռնաթափելու, մի շարք դեպքերում դատական հայցերի քննության ժամկետները կրճատելու և այլ ուղղություններով", - ընդգծել է նախարարը:
Նա հավելել է, որ քաղաքացիական դատավարության գծով դատարաններում արդեն 80 տոկոս բեռնաթափում է նկատվում։ Մասնավորապես, 2 մլն դրամը չգերազանցող ֆինանսական միջոցների բռնագանձման հետ կապված գործերը քննելիս խնդիրը լուծվում է նոտարական գրասենյակներում, այլ ոչ թե՝ դատարաններում ։ Բացի այդ, սահմանվել են նաև վիճելի հարցերի լուծման այլ մեխանիզմներ ՝ այնպիսի ինստիտուտների գործարկմամբ, ինչպիսիք են արբիտրաժային դատարանը և հաշտարարի ինստիտուտը ։ Առաջիկա երկու տարիների ընթացքում քայլեր կձեռնարկվեն այդ համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Այս ուղղությամբ արդեն գործում է հաշտարարի էլեկտրոնային գրանցամատյանը, և արդեն առկա են ընթացիկ գործեր: Այդուհանդերձ, ըստ Գալյանի, անհրաժեշտ է օրենսդրական կարգով հստակ արձանագրել հաշտարարի կողմից վեճերի պարտադիր քննության դեպքերը:
Իսկ վարչական վարույթի համատեքստում, նախարարի ասելով, խնդիրներն ավելի շատ են, քանի որ վարչական դատարաններն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ են գործում։ Այս առումով նախատեսվում է վերանայել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, որի փոփոխությունների համաձայն, մի շարք դատական հայցերի առկայության դեպքում կնախատեսվեն գրավոր գործընթացներ Վերաքննիչ դատարանում, ինչը թույլ կտա հնարավորինս կրճատել գործերի քննության ժամկետները:
Քրեական արդարադատության ոլորտում, Գալյանի հավաստմամբ, դեռ շատ անելիքներ կան։ Մասնավորապես, պետք է մտածել, որ դատավորների փոփոխության դեպքում դատական գործերը զրոյից չսկսվեն։
Նախարարն ընդգծել է նաև, որ շարունակվելու են աշխատանքները արդարադատության ողջ համակարգի թվայնացման ուղղությամբ: Արդեն գործում է քաղաքացիական դատավարության թվայնացված կարգը, ինչը թույլ է տալիս հայցերն ընդունել էլեկտրոնային տարբերակով, սակայն համակարգը դեռևս թերի է, և գերատեսչության ողջ ուշադրությունն ուղղվելու է այդ հարցի լուծմանը:
Գալյանը տեղեկացրել է, որ արդեն աշխատանք է տարվել "Աբովյան" քրեակատարողական հիմնարկի արդիականացման ուղղությամբ, որտեղ մի շարք խնդիրների լուծմանը զուգահեռ բացվել է մոր և մանկան բաժանմունք, բարելավվել է սննդի որակը: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև այլ ՔԿՀ-ներում:
Նախարարը նշել է, որ քրեական ենթամշակույթը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն, հաշվի առնելով գործերի օպերատիվ քննությունը, նա խուսափել է կոնկրետ դեպքեր ներկայացնելուց, տեղեկացնելով միայն, որ 2024 թվականին դեպքի առթիվ հարուցվել է 3 քրեական գործ: