Արմինֆո.Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
Նա վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Հիպերն ընդգծել է, որ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։
Ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները մեկնաբանելու խնդրանքին և հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու տարածաշրջանային կայունության ապահովման և Եվրամիության հիմնարար արժեքների պաշտպանության համար, եվրապաշտոնյան հիշեցրել է, որ ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։
«Մասնավորապես, մենք մեծապես կարևորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից և կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն և խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։
ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաև նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ․ հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է Հիպերը։
Հարցին, թե ինչ գործնական քայլեր է ԵՄ-ը պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և ադրբեջանական կողմից մարդու հիմնարար իրավունքների եւ տարածքային ամբողջականության խախտումներին արձագանքելու ուղղությամբ, Հիպերը եւս մեկ անգամ կրկնել է, որ ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։
«Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ և երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ», - ասել է նա։
Հարցին, թե ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում պահպանել իր դերը որպես արդար և արդյունավետ միջնորդ, և արդյոք կլինեն շոշափելի հետևանքներ Ադրբեջանի գործողությունների և հռետորաբանության համար, Հիպերը պատասխանել է, որ ԵՄ-ը կրկին ընդգծում է, որ կարևոր է, որպեսզի կողմերը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։
«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Բացի միջազգային այլ ջանքերից, «Բրյուսելի գործընթացը» 2021-2023 թվականներին հնարավորություն տվեց երկու կողմերի առաջնորդներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում հիմնական հարցերի շուրջ։ Սա ապահովեց կառուցվածքային շրջանակ և անհրաժեշտ տարածք՝ կարգավորման գործընթացը առաջ տանելու համար, ինչը գնահատվել է երկու կողմերի կողմից։
ԵՄ-ն մեծապես ողջունում է դրական առաջընթացը, որը տեղի ունեցավ հետագայում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ և հույս ունի, որ 2025 թվականը կբերի ավելի դրական արդյունքներ՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։ ԵՄ-ն պատրաստակամ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել երկու կողմերին էլ», - ամփոփել է ԵՄ ներկայացուցիչը։