Արմինֆո. Եվրամիությունը պետք է Հայաստանին ազնվորեն ասի, որ նա, ցավոք, չի կարող դառնալ ԵՄ անդամ, և դա աշխարհաքաղաքական իրողություն է։ Այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ եւ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին Հայաստանի կառավարության տված հավանության կապակցությամբ։
"Եթե Բեռլինում, Փարիզում կամ Բրյուսելում մնացել են մարդիկ, ովքեր լավ են վերաբերվում Հայաստանին, նրանք պարտավոր են հայտարարել, որ մեր երկրին երբեք չեն ընդունի Եվրամիություն", - հավելել է ՀՀԿ փոխնախագահը:
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից՝ հանուն եվրաինտեգրման, Աշոտյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մսխել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրեն փոխանցված Արցախի շուրջ բանակցային ժառանգությունը, իսկ հիմա փոշիացնում է երկրի աշխարհաքաղաքական ժառանգությունը՝ խախտելով ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ հարաբերությունների հավասարակշռությունը: Աշոտյանի ասելով՝ Փաշինյանն այդպիսով խարխլում է նաև նախորդ ղեկավարությունից մնացած տնտեսական ժառանգությունը:
"Միայն 2013 թվականին Հայաստանի ստորագրած գազային համաձայնագիրը 11 տարվա ընթացքում երկրին բերել է 8 միլիարդ դոլար։ Այդ համաձայնագիրը ժամանակին քննադատության է ենթարկվել, իսկ այսօր զգալի օգուտ է բերում։ Չեմ խորանա այն մանրամասների մեջ, թե ԵԱՏՄ շնորհիվ քանի միլիարդ դոլար է մտնում պետբյուջե", - ամփոփել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել "Եվրաքվե" քաղաքացիական նախաձեռնության առաջարկած՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կքննարկվի Հայաստանի խորհրդարանում։