Արմինֆո. Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանի խաղաղ ձգտումներին և գտնվում է նրա կողքին։ Այդ մասին հունվարի 13-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
«Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը: Սակայն, այդ հանձնառությունը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը։ Ֆրանսիան Հայաստանի կողքին է», - նշել է դեսպանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ դեսպանը նշել է, որ այդ հարցը համահունչ չէ ասուլիսի թեմային:
Լրագրողի դիտարկմանը, թե՝ իր ողջույնի խոսքում քաղաքականությունն ու մշակույթը սերտորեն միահյուսված էին, դիվանագետը նշել է, որ քաղաքականությունն ու թատրոնը երկու ժողովուրդների անցյալի ընդհանրության համատեքստում են:
«Ֆրանսիան աջակցում է Հայաստանին։ Հայաստանի քաղաքականությունը վարում է նրա կառավարությունը։ Աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, տարողունակ կերպով ներկայացվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից, և այն համապարփակ է և համալիր», - եզրափակել է Ֆրանսիայի դեսպանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ԵԱՀԿ-ին դիմելու հնարավորությունը՝ Մինսկի խմբի լուծարման հարցով (միակ միջազգային կառույցը, որն օժտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատով - խմբ.):